Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան

«Բրյուսելյան հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ է կայացվել որոշում: Առաջինը՝ երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ»,- կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն նշանակում  է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները պետք է իմի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում բարձրաձայնել էր այս առնչությամբ Հայաստանի ունեցած նկատառումները, ըստ որի՝ հայկական կողմն ընդգծել էր, որ Ադրբեջանի առաջարկներում իր համար անընդունելի ոչինչ չկա, սակայն, դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը և սկզբունքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի ճշգրտումը:

Նա նշեց, որ այդ հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգում հայկական կողմի պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա:

«Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էլ էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում քննարկվել է Արցախում անվտանգային վիճակի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի հարցը, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Կոնկրետ այս թեմայի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այդ հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք ու կանենք»,- հայտնեց Փաշինյանը։

«Այդ թեմայով ՀՀ դիրքորոշումը հրապարակել է, ըստ որի՝ հայական կողմն ակնկալում է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար:
Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: