Ադրբեջանը վերածվել է հակաիրանական հարթակի. Irdiplomacy

Իրանական Irdiplomacy կայքում հրապարակվել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Ռամին Ֆախարի՝ «Ադրբեջանի նկատմամբ Իրանի պասիվությունը» վերնագրով հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում հակաիրանական քարոզչությանը: Այս մասին հայտնում է regionmonitor.com կայքը։

Ըստ փորձագետի՝ Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերած աջակցության պատճառով Ադրբեջանում ավելի հանդուգն են դարձել հակաիրանական քարոզչությունում:

Ֆախարին շեշտել է, որ ժամանակի ընթացքում ադրբեջանական մամուլում հակաիրանական քարոզչությունն ու Իրանի տարածքային ամբողջականության դեմ հրապարակումները ավելի ակնառու են դարձել:

Հոդվածում ընդգծվել է, որ եթե Իրանն ու Թուրքիան բարելավեն իրենց հարաբերությունները, ապա Ադրբեջանի գործոնն այլևս չի ազդի իրանա-թուրքական հարաբերությունների վրա, իսկ Բաքուն, հայտնվելով մեկուսացման մեջ, կհրաժարվի Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործունեությունից:

Իրանցի փորձագետը շեշտել է, որ Ադրբեջանը թուրքական անաջատողականություն է սերմանում, և եթե Իրանը շարունակի պասիվ լինել, ապագայում անվտանգային լուրջ խնդիրների է բախվելու: Նա նշել է, որ անջատողականության վտանգն ու Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները նվազեցնելու համար Իրանը կարող է տնտեսական լծակն օգտագործել:

Ըստ Ֆախարի՝ որքան ամրապնդվեն Իրանի ու Ադրբեջանի տնտեսական հարաբերություններն, այնքան Ադրբեջանում կճնշվեն հակաիրանական գործողությունները: Սակայն այժմ Իրանն Ադրբեջանում ազդեցություն չունի, իսկ այդ երկիրը հակաիրանական հարթակի է վերածվել: