Գերմանացիներին խորհուրդ են տվել պատրաստվել վատագույնին

Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը պատրաստվում է վատթարագույնին: Ահազանգ է հանդիսացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը՝ վճարել էներգակիրների մատակարարումները բացառապես ռուբլով, գրում է Süddeutsche Zeitung թերթը։

Անցած շաբաթավերջին, նշում է թերթը, գազը դեռ գալիս էր։ Սակայն մասնագետները վստահեցնում են, որ թուլանալ չի կարելի։ «Ամենասարսափելին առջևում է»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:

Արագ փոխարինող գտնելը մինչև այս տարվա վերջ հնարավոր է միայն մասամբ: «Մեր (գերմանական – Խմբ.) մատակարարման շղթաները ծանր սթրեսի են ենթարկվում: Շուտով մենք (Գերմանիան – Խմբ.) դեֆիցիտ կունենանք շատ ոլորտներում»,- հրապարակումը մեջբերում է Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Անդրեաս Ռադեի խոսքերը։

Ավելի վաղ Գերմանիայի հրուշակեղենի արդյունաբերության ասոցիացիայի նախագահ Բաստիան Ֆասենը հայտարարել էր, որ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման սպառնալիքով պայմանավորված՝ իրավիճակը կարող է հանգեցնել երկրում հրուշակեղենի արդյունաբերության անհետացմանը։

Մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Կենտրոնական բանկին, «Գազպրոմին» և կառավարությանը կազմակերպել անբարյացակամ երկրներից գազի դիմաց վճարումների փոխանցումը ռուբլով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։