ԱԺ փոխխոսնակն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը:

Հակոբ Արշակյանն առանձնակի ընդգծել է երկու երկրների միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշատակել է մարտի 9-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված՝ «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը:

Խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ այդ համաժողովի անցկացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը մանրամասներ են ներկայացրել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացների ու ներքաղաքական իրավիճակի մասին: