«Ահա սա էլ ոչ թե Ադրբեջանի, այլ անձամբ Իլհամ Ալիևի դաշնակցի իրական դեմքը»․ Ադրբեջանի իրական ընդդիմության արձագանքը՝ ՌԴ ՊՆ հայտարարությանը

Ադրբեջանի իրական ընդդիմության արձագանքը՝ ՌԴ ՊՆ հայտարարության առնչությամբ

ՌԴ ՊՆ հայտարարությանը արձագանքել է ԱՀ-ում իրական ընդդիմադիր ուժ համարվող Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության (նախկին առաջնորդ՝ Աբուլֆազ Էլչիբեյ) առաջնորդ Ալի Քարիմլին։ Վերջինս տեղի ունեցածի մեջ մեղադրել է Իլհամ Ալիևին։ Գրառման ամբողջական տեքստը ներկայացնոււմ ենք ստորև.

«Ահա սա էլ ոչ թե Ադրբեջանի, այլ անձամբ Իլհամ Ալիեւի դաշնակցի իրական դեմքը։ ՌԴ ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեղադրել է ադրբեջանական բանակին «Լեռնային Ղարաբաղի» տարածք մտնելու և «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին» հարված հասցնելու մեջ։

Բա Իլհամ Ալիև չէ՞ր, որ ասում էր, թե Ղարաբաղի խնդիրն ավարտված է։ Իլհամ Ալիևը չէ՞ր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Իսկ միթե՞ մեր «դաշնակիցը» չգիտի, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անվամբ վարչական միավոր չկա։ Չե՞ն հասկանում, որ այն անջատողական ուժերը, որոնց անվանել են «Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր», հենց նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ պետք է վաղուց լքած լինեին Ադրբեջանի տարածքը։ Իսկ միթե՞ Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած «դաշնակցային» հայտարարության համաձայն՝ կողմերը չէին աջակցելու միմյանց տարածքներում անջատողականությանը։ Ինչո՞ւ այս բոլորը սուտ դուրս եկավ:

Նրանք, ովքեր Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ-ին պաշտպանելու համար մոբիլիզացրել են Ադրբեջանի կառավարության ֆեյքերի բանակը, արդյո՞ք հիմա ամաչում են։ Արդյո՞ք ամաչում են նրանք, ովքեր պատվերով հոդվածներ են գրում ՌԴ կողմից Ուկրաինայի՝ արդեն մեկ ամիս շարունակվող օկուպացիան արդարացնելու համար»։

 

Արտյոմ Տոնոյան

Իրանագետ