Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք ռուսական կողմը ադրբեջանական կողմից պահանջում է վերադառնալ ելման կետեր․ Էդուարդ Աղաջանյան

«Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, արդյոք ռուսական կողմը ադրբեջանական կողմից պահանջո՞ւմ է վերադառնալ ելման կետեր, թե ոչ։ Սա թերևս ամենակարևոր հարցն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

«Այստեղ գնահատականների, սուբյեկտի մոտեցումների խնդիր չկա ու չի կարող լինել։ Սա իրողություն է։ Հայկական կողմը շատ կառուցողական է եղել բոլոր մակարդակներում դաշնակից Ռուսաստանի հետ, և մասնավորապես Արցախի հետ կապված իրավիճակում»,-ասաց Աղաջանյանը՝ ավելացնելով, որ եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը Արցախում հայ բնակչության անվտանգության երաշխավորն է։

Նրա խոսքով, այս իրողությունից ելնելով նաև հայ հասարակության մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում՝ իսկ ինչո՞ւ ռուսական կողմը գործանականում չի արդարացնում այն ակնկալիքները, որոնք ունի հայկական կողմը՝ պաշտոնական ու հասարակության մակարդակում։

«Պետք է նախ արձանագրել, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ չկա, մենք ակնկալում ենք, որ նման դիրքորոշում կլինի մոտ ապագայում, և իհարկե, ցանկալի է, որ դիրքորոշումը լսենք ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան իրենց նախկին ելակետեր»,-ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԲ-ը հայտնել էր՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: