ԱԺ-ում քննարկվում է իրավիճակը Արցախի Հանրապետությունում

Ազգային ժողովի մարտի 22-ի նիստին քննարկվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Քննարկումն ընթանում է դռնփակ:

Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն էր՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների։ Քննարկման թեման՝ «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում, սպառնալիքները և անհետաձգելի միջոցառումները»:

Նիստին մասնակցում են խորհրդարանական երեք խմբակցությունները, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հարցը ոչ միայն Հայաստանում է հանրային լայն հետաքրքրության առարկա, այլ նաև Հայաստանից դուրս։

«Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել։ Այն, ինչ վերաբերում է ՀՀ ազգային և պետական շահերին և Արցախի անվտանգային վիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հարցերը քննարկել բաց ռեժիմով»,-հավելեց Կոնջորյանը: