Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Խարկովի շրջանի գյուղերից մեկը. կա 4 զոհ

Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են ռուսական զորքերի կողմից ազատագրված Խարկովի շրջանի Կազակական Լոպան գյուղը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի ժամանակավոր վարչակազմի ներկայացուցիչը։

Նախնական տվյալներով` 4 մարդ մահացել է, նվազագույնը 2 հոգի էլ վիրավոր է։

Ավելի վաղ` մարտի 13-ին, տվյալ գյուղում ուկրաինական դրոշի կողքին բարձրացվել էր նաև ռուսականը։ Ընթացիկ խնդիրների լուծման համար գյուղում ստեղծել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ։

«Առաջին արկերն ընկել են կեսօրին մոտ։ Հենց այդ ժամանակ գրեթե ողջ ավանը ստանում էր ռուսական մարդասիրական օգնություն։ Այնտեղ այդ պահին եղել է ոչ պակաս, քան 1000 մարդ։ Հարվածներ են հասցրել նաև գյուղխորհրդի և տեղի դպրոցի մոտակայքում»,– պատմել է գործակալության զրուցակիցը։

Վիրավորներին տարհանել են ՌԴ` բուժօգնություն տրամադրելու համար։

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով` գնդակոծել են 152 մմ տրամաչափի զենքերից, վիրավորների թվում դեռահաս աղջիկ է եղել։

«Ստացած մթերքներով նրանք տատիկի հետ տուն էին վերադառնում։ Տատիկը տեղում մահացել է, իսկ աղջկա ոտքն է պոկվել»,– լրագրողներին պատմել է տեղի բնակիչներից մեկը։

Նրանք նշել են, որ մինչ օրս իրենց գյուղում խաղաղ է եղել։