Ադրբեջանում որոշել են բողոքել ԵԽ բանաձևի դեմ

Ադրբեջանում երկարատև խորհրդածություններից հետո որոշել են բողոքել Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրախորհրդարանի բանաձևի դեմ։

Ինչպես տեղեկացրել է АPА-ն, կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություն է ընդունել, որն ուղարկվել է Եվրախորհրդարան։ Հայտարարությունում խստորեն դատապարտվում է «կանխակալ» բանաձևը, որը «բացահայտ աջակցում է ագրեսիվ անջատողականությանը, այդ թվում՝ փորձում է իրավական նշանակություն հաղորդել ադրբեջանական պատմական, կրոնամշակութային ժառանգության հայկականացմանը»։ Փաստաթուղթը, իբր, պատրաստվել է «հայկական լոբբիստական խմբերի ազդեցությամբ, չի արտացոլում իրական վիճակը, պարունակում է հայերի կեղծ պնդումներ՝ պատմակրոնական, այդ թվում և շիրմաքարերի հանդեպ ադրբեջանական կողմի իրական վերաբերմունքի ֆոնին»։

«Պետական կոմիտեն մեկ անգամ ևս վճռականորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ հայկական աղբյուրների վրա հիմնված կանխակալ տեղեկություն տարածելու փորձերը և կոչ է արել ապագայում օբյեկտիվ բանաձևեր ընդունել»,- նշել է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ չնայած այս պնդումներին՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցելություններին, ոչնչացնում և «աղվանացնում» է հայկական մշակութային ժառանգության հուշարձանները օկուպացված տարածքներում։