«Տոչկա-Ու» հրթիռ է խոցվել Բելառուսի երկնքում

Այն, ինչ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 15-ին պետական ​​անվտանգության գերատեսչությունների ղեկավարության և օպերատիվ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, նոր շրջադարձ է ժամանակակից աշխարհի պատմության մեջ։ Եվ նույնիսկ գերվտանգավոր շրջադարձ: Կատարենք որոշ մեջբերումներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն ավելի խոր պատկերացնեն, թե Արևմուտքի առաջնորդները ինչքան լուրջ և ողբերգական իրադարձությունների հորձանուտի մեջ են ներքաշում ամբողջ մոլորակը, որոնք եղել և մնում են Կիևի ուկրո-նացիստական ​​ռեժիմի իսկական տերը։

«Ես ձեզ զգուշացրել եմ, որ մեզ մղելու են այս գործողության, այս պատերազմի մեջ։ Փորձելու են մեզ ներքաշել։ Դրա վկայությունը բառացիորեն երկու օր առաջ՝ գիշերը, հերթական «Տոչկա-Ու» հրթիռի արձակումն է մեր՝ Բելառուսի տարածքի վրա՝ հարված մեր տարածքին, որը մենք ռուսների հետ հաջողությամբ որսացել և ոչնչացրել ենք Պրիպյատի երկնքում։ Գետի մոտ ընկած  է ինչ-որ տեղ: Ում է հետաքրքրում է, ով մոտ է, գնացեք, նայեք։ Այն փակ չէ: Դա սուտ չէ: Մենք պարզապես չենք խոսել այդ մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն: Եվ հետո հարց է տվել. «Ի՞նչ է սա… Մի հրթիռո՞վ են ուզում ռմբակոծել Բելառուսը։ Չի ստացվի: Այս հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի մեզ գրգռեն, և որ մենք սկսենք արձագանքել: Բայց մենք այդքան էլ պարզամիտ չենք: Եթե ​​պատասխանենք, արդեն պատշաճ կպատասխանենք։ Եվ դա բոլորը կզգան։ Առայժմ դիմանում ենք»։

Միևնույն ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն պլանավորում մասնակցել Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողությանը. «Ինչ վերաբերում է Ուկրաինային, դուք ուշադիր հետևում եք իրավիճակին։ Կրկին ուզում եմ շեշտել (դա դուք ավելի լավ գիտեք, քան մյուսները). մենք չենք պատրաստվում ներքաշվել այն գործողության մեջ, որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում։ Ամենակարևորը, որպես զինվորականների եմ դիմում ձեզ, դրա կարիքը բնավ չկա… Մտածեք, թե ինչ կարող ենք տալ այնտեղ Ռուսաստանին: Ինչ վերաբերում է անձնակազմին, ապա իրենց զինվորները շատ են։ Կարո՞ղ ենք Ռուսաստանին զենքի առումով ինչ-որ բան ավելացնել։ Դե՝ ոչ: Մենք ամեն ինչ գնում ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Նրանք ունեն այդ ամենը, և նույնիսկ ավելի լավը: Հետևաբար, մենք այնտեղ անելիք չունենք։ Եվ մեզ այնտեղ չեն հրավիրում»,- նշել է Լուկաշենկոն։ Նա նաև հիշեցրել է, որ բելառուսական զորքերը՝ կապված ընթացող գործողության հետ, կատարում են իրենց առաջադրանքները Բելառուսի տարածքում. «Մեր խնդիրը շատ կարևոր է ցանկացած ճակատամարտում, ոչ միայն պատերազմում՝ թիկունքից կանխել հարձակումը առաջխաղացող զորքերի վրա։ Ռուսական զորքերի վրա։ Սա մի բան է, որը մենք երբեք չպետք է թույլ տանք: Երբե՛ք: Դա նման կլինի դավաճանության։ Ես այդ մասին խոսել եմ առաջին օրերին։ Մենք դա էլ անում ենք, քանի որ դեռ մեզ է պետք որպես պետության, որպեսզի պաշտպանենք մեր սահմանները հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և այսօր նույնիսկ հարավում»:

Այսպիսով, մարտի 13-ին (կիրակի) Ուկրաինայի տարածքից «ինչ-որ մեկը» արձակել է «Տոչկա-Ու» հրթիռը (ըստ ամենայնի, նույն կարգի, որով նեոնացիստ ահաբեկիչները մարտի 14-ին Դոնեցկում սպանել են 20 և վիրավորել 36 մարդ, որոնցից 20-ը հիվանդանոցներում ծանր վիճակում են…) Բելառուսի ուղղությամբ։ Հաշվարկը պարզ է՝ ամեն դեպքում պատասխան արձագանք առաջացնել, բելառուսներին ներքաշել ուկրաինական իրադարձությունների մեջ։ Թե ինչ նպատակ է հետապնդվել, դժվար է միանշանակ ասել։ Առայժմ մենք զերծ կմնանք Կիևի ֆաշիստական ​​ռեժիմի իսկական տերերի հասցեին ուղղակի մեղադրանքներից, թեև մտադրությունը բավականին թափանցիկ է. նրանք վաղուց էին ցանկանում սանձազերծել Երրորդ համաշխարհային, «սահմանափակ միջուկային» պատերազմ։ Առաջին տարին չէ, որ արևմտյան տարբեր լրատվամիջոցներ «քննարկում» են նման «սահմանափակ միջուկային» պատերազմի հնարավորության հարցը՝ իբր, գլխավորն առաջին հարվածն է… Սակայն, կրկնում ենք. առայժմ չենք դիտարկելու վարկածի այս տարբերակը՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը (այսինքն ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ) «ձեռքերը լվանալով» հեռացել Ուկրաինայից։ Ըստ երևույթին, Բելառուսի վրա հրթիռային հարձակման առաջնային նպատակը կարող է լինել հանրապետությունը ապակայունացնելու ծրագիր. Միացյալ Նահանգները վաղուց է ցանկանում «ժողովրդավարացնել» Բելառուսը, բոլորս հիշում ենք, թե ինչպես էին նրանք փորձում կազմակերպել բելառուսների համար ֆաշիզմի և ամենաթողության «մայդան»:

Ուշադրություն դարձնենք, որ Հյուսիսում այս բոլոր դրամատիկ իրադարձությունների ֆոնին, այստեղ՝ Անդրկովկասում, կովկասյան թաթարներն արդեն սկսել են արցախահայության դեմ «լուռ ցեղասպանության գործողությունները»։ Այս ամենը պատահական չենք համարում. Կիևի ֆաշիստներն ու կովկասյան թաթարները 90-ականներից հավատարիմ ռազմաքաղաքական դաշնակիցներ են։ Քանի որ Երևանում անգամ ոչ մի ակնարկ չկա, որ Հայաստանը հնարավորություն ունի մոտ ապագայում ձերբազատվել թուրքամետ խամաճիկների իշխանությունից, ապա մեզ մնում է միայն հետևել իրադարձություններին…

Սերգեյ Շաքարյանց