Հազիվ մտերմացել էինք, հազիվ գտել էի քեզ, ու դու գնացիր, ընկեր Ալվարդ, պարզապես ավագ ընկեր․ Արմեն Աշոտյանը ցավակցել է

Մահացել է Ալվարդ Պետրոսյանը, տիկին Ալվարդը, ընկեր Ալվարդը…

Առաջին անգամ շփվեցի հեռավոր 2005-ին։

Ինչպես հետո իրար խոստովանեցինք, սկզբից փոխադարձ հակակրանք կար։ Իր մոտ իմ հանդեպ՝ իմ երիտասարդ մեծամտության եւ ավելորդ ինքնահավանության պատճառով։ Դե ես էլ խրտնում էի խիստ եւ խրոխտ իր կեցվածքից, իր թանձր հայացքից ու դառը գնահատականներից։

Անցան տարիներ, եզակի շփումները բացառապես արարողակարգային էին եւ աշխատանքային։ Մեկումեջ հայտնվում էինք նույն միջավայրում լուսահոգի Ռիտա Ալեքսանդրովնայի շնորհիվ ու այդքանը։

Ամեն ինչ փոխվեց 2018-ից հետո։

Մինչեւ ազգի եւ հայրենիքի կործանմանն անցնելը դուրսպրծուկ-սրիկաները սկսեցին քանդել մարդկային հայաբերությունները, խրախուսելիվ դավաճանությունն ու տգիտությունը, անբարոյականությունն ու ստրկամտությունը։

Մարդիկ սկսեցին իրար կորցնել, բայց, օ պարադոքս, նաեւ իրար գտնել։

Եվ ես գտա քեզ, տիկին Ալվարդ։

Հա, գիտեմ, որ մեծամիտ հնչեց։ Համաձայնիր, որ հակառակ պնդումն ավելի մեծամիտ կլիներ։ Իրականում, դու ինձ թույլ տվեցիր, որ ես քեզ ավելի մոտիկից ճանաչեմ եւ ավելի մոտիկ դառնամ։

Դու չէիր էլ զգում, թե մեր ամեն զրույցի, ամեն հանդիպման ժամանակ ոնց եմ բոլոր հնարավոր վայֆայներով ու բլյութուֆերով կպնում քեզ, որ քաշեմ քեզանից իմաստնություն, հոգի, հայրենասիրություն ու լիքը ցավ՝ խորունկ, լուռ ու չմարսվող ցավ։

Հազիվ մտերմացել էինք, հազիվ գտել էի քեզ։ Ու դու գնացիր, ընկեր Ալվարդ, պարզապես ավագ ընկեր…

Աստված հոգուդ փրկություն տա, ընտանիքիդ՝ մխիթարություն, իսկ մեզ հիշողություն՝ քո վառ գույները չխամրացնելու համար։

Ցավակցում եմ …

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից