Խրամորթին կից հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում․ Արցախի ԱԽ

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։