Խաղաղությունը հաստատում են ինչ-որ կողմի հետ․ Միայնակ, ինքն իր հետ խաղաղություն չի լինում

ՀՀ դե ֆակտո նախագահ վ. խաչատուրյանն այսօր ասել է. «Բաքուն իր պահվածքով չպետք է մեզ շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից»։

Հիմա կատարենք մի քանի տրամաբանական քայլ հանուն բարձրագույն արժեքի՝ տրամաբանության հաղթանակի։

ՀՀ դե ֆակտո իշխանությունը ասում է, որ խաղաղություն է հաստատելու։ Ընդունենք այս «աստվածահաճո» պնդումը որպես մեկնակետ։ Խաղաղությունը հաստատում են ինչ-որ կողմի հետ։ Միայնակ, ինքն իր հետ խաղաղություն չի լինում, չէ՞։

Եթե համաձայն եք այս ոչ պակաս աստվածահաճո պնդմանը, ապա անցնենք հաջորդ տրամաբանական քայլին։ Ո՞ւմ հետ մենք պետք է խաղաղություն հաստատենք։ «Ադրբեջանի»,- վստահ կպատասխանի մեր ընթերցողը և դժվար կլինի դրա հետ չհամաձայնելը։

Անցնենք հաջորդ քայլին. հիմա Ադրբեջանն, ըստ քաղաքացի խաչատուրյանի, մեզ շեղում է այդ օրակարգից, հետևաբար՝ այն դեմ է խաղաղությանը, խաղաղություն չի ուզում։ Ստացվում է, որ այն կողմն, ում հետ մենք ուզում ենք խաղաղություն հաստատել, խաղաղություն չի ուզում։ Տրամաբանական այս պատնեշը ևս հաղթահարված է։ Չչարաշահելով մեր ընթերցողների համբերությունը, գանք վերջին տրամաբանական հարցին. ինչո՞ւ և ինչպե՞ս ենք մենք խաղաղություն հաստատում մի կողմի հետ, ով խաղաղություն չի ուզում և քեզ էլ դրա մասին հայտնում է, իսկ դու դա ընդունում ես։

Եթե չգիտեք պատասխանը, ապա կարող եք կարդալ վիդիպեդիայի հոդվածը կոլաբորացիոնիզմի մասին։

 

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից