Ադրբեջանը 2-րդ օրն է՝ խոչընդոտում է Արցախում վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները. ԱՀ ՄԻՊ

Արցախում երկու օր է՝ գազ չկա և վնասված գազատարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում. ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները։

«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության և վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները հիմնականում վարում են  ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի ներկայացուցիչները, հուսով ենք, որ առաջիկայում հնարավորություն կլինի կազմակերպել վերականգնողական աշխտանքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում. դպրոցները, պետական կառույցները,  հիվանդանոցները, հացի արտադրամասերը և այլ հաստատություններ զրկված են գազից։

«Չեմ կարող ասել, թե հացի դեֆիցիտ կա, բայց ահազանգեր ենք ստացել, որ հացի արտադրամասերի մի մասը չի կարող իր գործունեությունը պատշաճ կազմակերպել։ Նաև ավտոմեքենաների, տաքսի ծառայությունների լիցքավորման խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ սահմանափակվել է մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոցը հոգալու իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ադրբեջանի այս քայլը իրավունքների լայնածավալ խախտումների է հանգեցրել»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանը հավելել է, որ գազով աշխատող հաստատություններն անցել են ջեռուցման այլընտրանքային տարբերակների։ Դասապրոցեսները չեն ընդհատվել։

«Արցախում ցուրտ է, իսկ ջեռուցումը՝ խիստ անհրաժեշտ»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Լիսագոր բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։