Գինու պատմության թանգարան Արագածոտնում

Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մեկը՝ Հայաստանի գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։ 8 մետր գետնի խորքում գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ նմուշներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր։ Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ և ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։ Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ սկսում է սկզբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցանմուշներ, կարասային թաղում, պաշտամունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ, հասնում մինչև 20-րդ դար՝ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։ Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից, այլև ձևաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրահներում թույլատրվում է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։ Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ էկրանի կենտրոնական հատվածում «Նռան գույնը ֆիլմի» գինու և խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խորհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած և վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության բացառիկ հնարավորություն։ Թանգարանն այժմ մի քանի նոր նախագծեր ունի՝ մանկական երգչախումբ, որի փորձերն արդեն սկսել են, և միջնադարյան հնձանի կառուցում։ 300 քմ տարածքով հնձանը ծառայելու է ոչ միայն գինի ստանալու գործընթացի կիրառական ցուցադրությանը, այլև մշակութային ու գիտական միջոցառումների անցկացմանը։