Պարտավոր եք դադարեցնել արյունահեղությունը․ Յանուկովիչը դիմել է Զելենսկուն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ահա թե ինչ են սպասում ձեզանից Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում»,-ասվում է կոչում, որի տեքստը ստացել է «ՌԻԱ Նովոստին»։ 

Յանուկովիչն ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Կիևի գործընկերները երախտապարտ կլինեն նման քայլի համար։

«Ուզում եմ դիմել Վլադիմիր Զելենսկուն որպես նախագահ և, նույնիսկ, մի փոքր հայրական ձևով: Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դուք երևի երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, դա մինչև վերջին ուկրաինացին կռվելը չէ: Այն ինքնազոհության մեջ է, հանուն մարդկանց կյանքերի փրկության՝ սեփական հպարտության և հավակնությունների հաղթանակի մեջ»,-ասել է նախկին նախագահը։

Նա նշել է, որ ցավով է ընդունում այն, ինչ այժմ կատարվում է իր հայրենիքում, և խորապես ցավակցում է այն տառապանքների համար, որոնք ուկրաինացիները ստիպված են կրել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «ցանկացած ողբերգության մեջ կա պահ, երբ այն դեռ կարելի է կասեցնել»։

«Դուք առաջին օրվանից խոստացել էիք դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և դրա համար ամբողջ Ուկրաինան աջակցեց ձեզ, դուք կարող էիք դառնալ խաղաղության նախագահ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,-հայտարարել է Յանուկովիչը։