Արցախում ապրիլի 10-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Արցախում ապրիլի 10-ին մի քանի համայնքներում գյուղապետներ կընտրեն։ Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երեկ կայացած նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի  ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:

Նիտին ներկա էին ԿԸՀ 6 անդամներ: Հանձնաժողովի երկու անդամներ նիստից բացակայում էին հարգելի պատճառներով:

Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2022թ. ապրիլի 10-ին անցկացվելիք արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: