Թույլ, շփոթված գագաթնաժողով էր․ Զելենսկին մեղադրել է ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է մարտի 5-ին կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ նիստը։

«Այսօր կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Թույլ, շփոթված գագաթնաժողով էր: Գագաթնաժողով, որը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են ամենակարևոր նպատակ համարում Եվրոպայի ազատության համար մղվող պայքարը», – ասել է Զելենսկին՝ մարտի 5-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում:

Ուկրաինայի նախագահը քննադատել է դաշինքի երկրների այն պնդումները, թե «Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհրահրի ռուսական ուղիղ ագրեսիա ՆԱՏՕ-ի դեմ»։

«Սա նրանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեեւ կարող են մեզանից մի քանի անգամ ավելի հզոր զենք կիրառել։ Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Իսկ ինչի՞ մասին էիք մտածում այդ հանդիպման ժամանակ», – ասել է Զելենսկին:

Նա կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել նույնիսկ իր անդամ-պետություններին։

«Ես չգիտեմ, թե ում կարող եք դուք պաշտպանել և ի վիճակի՞ եք պաշտպանել դաշինքի երկրներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը: