Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը ուզում տկարացնել հայ համայնքը․ Մուրադ Փափազյան

«Մենք պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը։ Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը  չի օգտագործել ու չի օգտագործում»,- Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Նա նշեց, որ երբ ասում են՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, միայն լոզունգ չէ, պետք է իրականություն դառնա։

Հարցին՝ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անջրպետ է նկատվում, ինչպե՞ս պետք է լուծել, Մուրադ Փափազյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։

«Սփյուռքը ներկա է 30 երկրում, այդ երկրներում մենք աշխատում ենք։ Մենք ունենք այդ ուժը Սփյուռքում, որն ընդհանրապես Հայաստանը  չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք  նաև հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:

Մ. Փափազյանի խոսքով, Ֆրանսիան այն համայնք է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ. «Ֆրանսիան այն երկիրն է, ուր Թուրքիային և  Ադրբեջանին չի հաջողվում հասնել մեր մակարդակին։ Ինչու է գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ  Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար․ Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը»։