Երևանի բոլոր երթուղիներում նոր ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև մայիսի 1-ը

Երևանի բոլոր երթուղիներում «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև 2022 թվականի մայիսի 1-ը: Այս մասին այյսօր՝ փետրվարի 28-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

«Եվս երկու երթուղի, որոնք նախկինում սպասարկվում էին միկրոավտոբուսներով, մարտի 1-ից կանցնեն նոր տրանսպորտային միջոցների», – ասաց նա:

Ավտոբուսները վերջնականապես շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Այսպես` ապրիլի 1-ից և մայիսի 1-ից դրանք կսկսեն ևս երկուական երթուղային գիծ սպասարկել։

Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 100 հատ մեծ 12 մետրանոց ավտոբուս ու 100 հատ 8,5 մետրանոց: