Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զրուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Ես խոսել եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- գրել է Զելենսկին իր Telegram-ի ալիքում։

Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս և Գոմելում պատրաստ սպասում է ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելուն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։

Ռուսական կողմը Ուկրաինային մինչև 15։00 ժամանակ էր տվել` բանակցությունների առաջարկին արձագանքելու։