Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ Բելառուսից

ԱՄՆ պետդեպարտամենտը շաբաթ օրը վտանգի նախազգուշացում է արել Բելառուսում գտնվող ամերիկացի քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: https://www.interfax.ru/world/824778

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և կոչ է անում Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը»,-ասվում է փաստաթղթում։

Ամերիկացի քաղաքացիներին զգուշացվել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված՝ տարածաշրջանում լարվածության աճ կա, իրավիճակն անկանխատեսելի է, և Մինսկի օդանավակայանի և Բելառուսի ցամաքային սահմանի բացման ժամերը կարող են փոխվել առանց նախազգուշացման։

Պետքարտուղարությունը նաև կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հրապարակային ցույցերից՝ հատկապես օտարերկրացիների դեմ հնարավոր հետապնդումների պատճառով:

Ըստ փաստաթղթի՝ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ընթացիկ կամ շտապ ծառայություններ մատուցելու ԱՄՆ կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակված են՝ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի նկատմամբ այդ երկրի սահմանափակումների պատճառով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։