Դիմում եմ երիտասարդ գործընկերներիս՝ մի թույլ տվեք կադրային հոսք

Արման Թաթոյանին հաջողվել էր աշխատակազմը համալրել հիրավի արհեստավարժ և մարդկային բարձր որակներ ունեցող մասնագետներով, ինչն իր պարագայում օրինաչափություն էր։ Սակայն սոցցանցերից տեղեկանում ենք, որ այս օրերին մեկը մյուսի ետևից լավագույն և ազգային կեցվածք ունեցող աշխատակիցները լքում են համակարգը՝ չարաբաստիկ «սեփական դիմումի համաձայն»։ Իրենք գործազուրկ չեն մնա, քանզի խիստ պահանջված են և աշխատանք կգտնեն մասնավոր սեկտորում, սակայն կտուժի մեր ժամանակների համար մի խիստ կարևոր, առանցքային կառույց։

«Սեփական դիմումի համաձայն» երևույթը, ցավոք, իր խորն արմատներն է գցել ամենուր, սա դիտարկվում է իբրև անմեղ, պատասխանատվություն չառաջացնող գործոն՝ դե մարդն ինքն է կամենում հեռանալ, իրեն ոչ ոք չի հարկադրում, պարզապես հաճախ «օգնում են գլխի ընկնել, թե ինչ է կամենում»։

Ուղիղ 15 տարի առաջ նշանակվել եմ արդարադատության նախարար, նախապես հայտարարել եմ, որ ոչ միայն չի լինելու կադրային ջարդ՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով, այլև հորդորել եմ շարունակել աշխատանքը։ Ես պահել եմ իմ խոստումը։

Հիմա դիմում եմ երիտասարդ գործընկերներիս՝ մի թույլ տվեք կադրային հոսք, անվրդով մի նայեք, թե ինչպես են լքում լավագույն կադրերը, առավել ևս զերծ մնացեք «սեփական դիմումի համաձայն» ազատվելու ելք «հուշելու» արատավոր երևույթից, մի անտեսեք քաղաքացիական ծառայության կայունության սկզբունքը, ինչը հենց քաղաքական հաշվարկներով կադրային քաղաքականություն իրականացնելու հակակշիռ է, վերջապես՝ պետական մարմինները որևէ մեկի սեփականությունը չեն…

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից