Ուկրաինայում սպանվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա․ Ուկրաինայի ԱՆ

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտարարել է, որ իրենց երկրում մինչ այս պահը սպանվել է 198 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա։

Նա նշել է նաև, որ 1115 քաղաքացի վիրավոր է, որից 33-ը երեխաներ են։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։