Ես կցանկանամ, որ պարոն Անդրեասյանը պատասխանի՝ կոռումպացված 39 դատավորներից մեկը ե՞ս եմ․ Զարուհի Նախշքարյան

«Ես Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նկատմամբ ճնշումներին չեմ անդրադառնա, որովհետև նման ստույգ տվյալ չունեմ, բայց դատական համակարգում առկա խնդիրները վերաբերում են բոլորին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

«Նախ՝ Դատավորների ընդհանուր ժողովին առանց հարգելի պատճառի չներկայանալը կարգապահական վարույթ հարուցելու հիմք է: Երկրորդ, այն օրակարգով, որով հրավիրված էր ընդհանուր ժողով, ես չեմ կարծում, որ այդ հարցադրումները չեն վերաբերում գոնե որևէ մեկ դատավորի Հայաստանում: Կարող է՝ դատավորների մի մասը կարծում են, որ երբեք իրենց չի առնչվելու այդ կարգապահական վարույթները, քրեական հետապնդումը: Բայց ես, օրինակ, նման վստահություն չունեմ: Այս խնդիրն անխտիր վերաբերում է բոլորին։

Ես կարծում եմ, որ դատավորներն ավելի ապահովագրված կլինեն, եթե գան ընդհանուր ժողովին, մասնակցեն միության աշխատանքներին: Սա ավելի ապահով ճանապարհ է, քան նստել փակ գրասենյակում կամ դահլիճում, չներկայանալ ժողովի, չմասնակցել քննարկումներին ու կարծել, թե երբեք իրենց նման վտանգ չի սպառնալու»,-ասաց Զ.Նախշքարյանը:

Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը կապված 39 կոռումպացված դատավորների հետ, դատավորն ասաց. «Ես կցանկանամ, որ պարոն Անդրեասյանը պատասխանի՝ կոռումպացված 39 դատավորներից մեկը ե՞ս եմ: 

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: