Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ» Անդրանիկ Օզանյան։ 

Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկը հաճախել է տեղի Մուշեղյան դպրոց 1875-1882 թթ․։

Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում`  ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ  տարածել թշնամու շրջանում:

1892 թվականին միացել է նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Անդրանիկն այլ ֆիդայիների հետ միասին պաշտպանել է Մուշի և Սասունի հայկական գյուղերը թուրք և քուրդ զինվորների հարձակումներից։  Նա կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը, ղեկավարել է 1901 թվականի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թվականներին Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մուսուլմանների դեմ մարտեր են մղել Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցել է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկել է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնել է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելել է Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրել է իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։

Օզանյանը 1912-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:

1918 թ. մայիսի 16-18-ին Վորոնցովկա ավանի մոտակայքում գեներալ-մայորի կոչման արժանացած Անդրանիկի դիվիզիան զսպել է օսմանյան զորքերին: 1918 թ. մայիսի 25-28-ին Լոռվա ճակատամարտում Անդրանիկը վիժեցրել է Դիլիջանի ուղղությամբ թուրքական զորքերի գլխավոր հարձակումը, որի արդյունքում թուրքական հրամանատարությունը ստիպված է եղել թողնել Լեռնային Լոռու մարզի մեծ մասը։

Վիթխարի է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին խոչընդոտում թուրքերի կողմից Կովկասի գրավումը։

Բախվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի հանրապետության որոշ ղեկավարների և բոլշևիկների դավաճանությանը, զորավարը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։

Հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է. «Նա խենթի պես քաջ է»։

Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը:  1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ. վերաթաղվել է ԵրևանիԵռաբլուր պանթեոնում։