Դոնեցկի և Լուգանսկի հայկական համայնքներում տուժածներ չկան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ֆեյսբուքի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ համայնքներում տուժածներ չկան։ Նշվում է, որ շատերը նախապես են լքել հակամարտության գոտին։

«Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Ներկայում մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ շեշտվում է, որ հայկական համայնքում խուճապ չկա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները։

Գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51):

Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11):

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ +37410 589155 հեռախոսահամարով: