Կրկնելով Մեդվեդևի խոսքը` «Դե, բարի գալուստ նոր աշխարհ, որտեղ եվրոպացիները շուտով 2000 եվրո կվճարեն 1000 խորանարդ մետր գազի համար»

Ի դեպ, 2000 եվրոն, կարծում ենք, դեռ միայն սկզբի համար

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի առիթով Ճիշտ է ասել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին` Շոլցը Մերկել չէ… Այո, իհարկե, Շոլցը Մերկել չէ: Մերկելը, որպես Գերմանիայի կանցլեր, կին լինելով հանդերձ, ի տարբերություն Շոլցի, համեմատաբար ուժեղ քաղաքական գործիչ էր:

Ընդհանուր առմամբ, ենթարկվելով ԱՄՆ-ի, նրա նախագահի պահանջներին, Մերկելն իր ղեկավարած երկրի անվտանգության ու ռազմավարական շահերից բխող հարցերում դրսևորել է որոշ կամային հատկանիշներ ու վարել հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն: Դա, իհարկե, ԱՄՆ-ի նախագահի, մեղմ ասած, դուրը չի եկել, բայց դե ճարը ի՞նչ… Գերմանիան Եվրոպայի տնտեսապես ամենահզոր պետությունն է, Եվրամիության տնտեսական լոկոմոտիվը, և ԱՄՆ-ի ղեկավարությունը Ռուսաստանի հետ կապված որոշ հարցերում (օրինակ` «Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցման, ապա հավաստագրման գործընթացի) Մերկելի վարած քաղաքականությանը դեմ լինելով հանդերձ, ստիպված է եղել հաշվի նստել այս իրողության հետ:

Ինչպես տեղեկանում ենք «Известия»-ի այսօրվա հրապարակումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել դադարեցնել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի հավաստագրումը Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման ֆոնին: Նրա խոսքով` Մոսկվայի գործողություններին արձագանքը կլինի համախմբված կերպով:

Առանց հավաստագրման, անհնար կլինի գազատարը շահագործման հանձնել։

«Այսօր ես խնդրեցի էկոնոմիկայի դաշնային նախարարությանը Դաշնային ցանցային գործակալությունից հետ կանչել էներգետիկ անվտանգության ապահովման մասին զեկույցը: Դա հնչում է որպես տեխնիկական խնդիր, բայց դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարի հավաստագրումն այժմ տեղի չունենա»,- կանցլերի հաղորդագրությունը փոխանցել է «Financial Times»-ը:

Շոլցը հայտնել է նաև, որ վերջին իրադարձություններից հետո Գերմանիան ընթացիկ օրվա ընթացքում կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ։ Ավելի ուշ «РИА Новости»-ն տեղեկացրեց, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է Գերմանիայի կառավարության կողմից «Հյուսիսային հոսք- 2»-ի սառեցման մասին և հավելել` Ռուսաստանը պետք է զգա իր գործողությունների հետևանքները: Դե հիմա տեսնենք, թե ով է իր գործողությունների հետևանքները զգալու… Ռուսաստանն իր նախկին նախագահ ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջոցով այսօր դա արդեն բավական մատչելի կերպով բացատրեց Գերմանիային և ԱՄՆ-ի կամակատար Եվրոպայի մյուս պետություններին:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, այն կարծիքն է հայտնել, որ Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կհասնի 2000 եվրոյի, եթե «Հյուսիսային հոսք- 2»‰ գազատարը չհավաստագրվի։ Հը՞, 1000 խմ-ի համար 2000 եվրոն ինչպիսի՞ հեռանկար է Եվրոպայի քաղաքական պոռնիկների համար… Ի դեպ, հայտարարվածը` 2000 եվրո, կարծում ենք, դեռ միայն սկզբի համար է… Ցավոք, կտուժեն նաև Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները:

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանձնարարել է դադարեցնել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի հավաստագրումը,- գրել է Մեդվեդևը Twitter-ում:- Դե, բարի գալուստ նոր աշխարհ, որտեղ եվրոպացիները շուտով 2000 եվրո կվճարեն հազար խորանարդ մետր գազի համար»:

 

Արթուր Հովհաննիսյան