G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են արել

G7 խմբի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման կապակցությամբ: Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, անօրինական բռնակցված Ղրիմում և Բելառուսում ՌԴ ռազմական ներկայության սպառնալից ուժեղացմամբ։ Ռուսաստանի զինված ուժերի չսրված և չարդարացված ավելացումը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում դրանց խոշորագույն ծավալումը գլոբալ անվտանգության և համաշխարհային կարգի մարտահրավեր է», – ընդգծվում է հայտարարության մեջ:

Յոթնյակի խումբն աջակցում է նորմանդական ձևաչափով Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմանը։

«Մենք ընդգծում ենք մեր բարձր գնահատականն ու  «նորմանդական գործընթացի» շրջանակներում Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի շարունակական աջակցությունը Մինսկի համաձայնագրերի լիակատար կատարումն ապահովելու համար, ինչը Ուկրաինայի արևելքում հակամարտության կայուն քաղաքական լուծման միակ ճանապարհն է»,- նշված է հայտարարության տեքստում:

Դրանում նաև ասվում է, որ G7-ի երկրները հաստատում են Մինսկի պայմանավորվածությունները կատարելու Կիևի մտադրությունը:

«Մենք հաստատում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարությունները, որոնցում ընդգծվում է Մինսկի համաձայնություններին Ուկրաինայի հաստատակամ հավատարմությունը և այդ գործընթացում կառուցողական ներդրում ունենալու նրա պատրաստակամությունը: Ուկրաինական նախաձեռնություններն արժանի են լուրջ քննարկման ռուս բանակցողների և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից», – ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդները պետք է առանց սահմանափակումների կատարեն իրենց աշխատանքը։

«Մենք աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը, որի դիտորդները կարևոր դեր են խաղում լարվածության թուլացման ջանքերում։ Այդ առաքելությանը պետք է պայմաններ ապահովվեն նրա մանդատի ամբողջական կատարման ուղղությամբ աշխատանքի համար՝ առանց գործունեության և տեղաշարժի ազատության որևէ սահմանափակման՝ Ուկրաինայի արևելքում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի արևելքում անվտանգության հետ կապված իրավիճակի զգալի վատթարացման մասին: ԵԱՀԿ-ն ճշտում է Կիևի և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների պնդումները Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումների մասին և պահանջում է ապահովել այդ շրջաններին անարգել հասանելիություն:

Յոթի խումբը հաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարմությունը։

«Մենք հաստատում ենք մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ջրերի սահմաններում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ յոթի խումբը նաև «հաստատում է ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու իր ապագան և անվտանգության մեխանիզմները: Մենք ողջունում ենք Ուկրաինայի զուսպ դիրքորոշումը շարունակվող սադրանքների և ապակայունացման ջանքերի դեմ»,- ընդգծվում է տեքստում:

Դրա հետ մեկտեղ G7-ի ԱԳ նախարարները հաստատել են համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ՝ աջակցություն հայտնելով ժողովրդավարության և ինստիտուտների ամրապնդման Կիևի ջանքերին, ինչպես նաև խրախուսել են բարեփոխումների հետագա առաջընթացը:

«Մենք չափազանց կարևոր ենք համարում օգնել պահպանել Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունությունը և նրա ժողովրդի բարեկեցությունը»,- նշվում է հայտարարության մեջ: