Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է

Արդեն 14 տարի է՝ Մեծ Լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը  Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։ Այն  2008 թ․ նախաձեռնել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

Գրքի նկատմամբ Թումանյանը վիթխարի, պաշտամունքի հասնող սեր ուներ՝ ինչի ապացույցը 10 000 միավոր գրականություն կազմող նրա անձնական գրադարանն էր, ցայսօր պահպանվել է 8000 գիրք: Գրեթե միշտ լինելով նյութական կարիքի մեջ՝ Թումանյանը իր հարուստ գրադարանը ձեռք է բերել շատ հաճախ վճարելով իր և ընտանիքի հացի գումարը:

Գրողն ինքը խոստովանում է. «18 տարեկան էի դարձել, և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով»: Եվ ընդամենը երեք տասնամյակում Ամենայն հայոց բանաստեղծը ձեռք է բերել մեծ ու արժեքավոր գրադարան՝ տարբեր լեզուներով հայ և արտասահմանյան գրականություն, կովկասագիտության, հայագիտության, արվեստաբանության, պատմագիտության, Արևելքի պատմության, փիլիսոփայության և այլ բնագավառների գրականություն։

Բանաստեղծի կինը՝ Օլգան, իր հուշերում նշում է. «Անկարելի է մոռանալ, թե ինչպես էր փայփայում իր գրադարանը… Տանից բացակայելիս գրում էր՝ լավ նայիր երեխաներին և գրադարանիս»:

1901 թ. ապրիլին՝ Զատիկի տոներին, Թումանյանը Բաքվից 350 ռուբլի գումար է ստանում: Կինը խնդրում է այդ գումարը իրեն տրամադրել՝ տան կարիքների համար: Ամուսինը չի մերժում և ամբողջությամբ տալիս է: Այնուհետև, ինչպես պատմում է Օլգան, «չանցած մի քանի ժամ, ծայրեծայր գրքերով լցված մի կառքով եկավ բուկինիստական գրախանութի աշխատակցի հետ, թե՝ էն 350­-ը տուր, 30 կոպեկ էլ՝ կառքի փող…»:

Թումանյանը չէր սիրում, որ իր գրքերը տանից դուրս էին տանում, քանի որ շատերը տանում ու չէին վերադարձնում։ Բայց նաև խնդրանքը մերժել չէր կարողանում, այդ պատճառով աշխատասենյակի պատին մի գրություն էր փակցրել. «Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Սակայն այդ գրությունը չէր խանգարում, որ բանաստեղծի աշխատասենյակում հյուրերը ծխեին ու նաև գրքեր խնդրեին: Ինքը չէր ծխում, այնուհանդերձ, ծխող հյուրերի համար նա մոխրաման էր պահում: Մի առիթով պատմաբան Լեոն պատմել է. «Էդ տնաշենը գիրք կարդալու զարմանալի ձև ուներ: Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա՝ «Маевский, Закавказье»: Ասի՝ Օհանե՛ս, մի քանի օրով տուր՝ տանեմ կարդամ, ետ բերեմ»: Այս անգամ էլ նա Լեոյին չի մերժում: Երբ Լեոն գիրքը կարդում է, հասկանում է, որ Թումանյանը այն չի ընթերցել, և զարմանում է, թե ինչպես է բանաստեղծը խորհուրդ տվել կարդալ մի գիրք, որի բովանդակությունը նրան անծանոթ է. «Օհանես, դու այդ գիրքը ինչպե՞ս ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք: Քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որ միանգամայն նոր էր ինձ համար: Ասի՝ Օհանե՛ս, էդ որտեղի՞ց գիտես, թե՝ հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել… Շատ ծիծաղեցինք»:

Ռուս գրող, գրականագետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովը, որ նաև Թումանյանի երկերի թարգմանիչն է, բարձր գնահատելով Հովհաննես Թումանյանի գրական վաստակը, նշել է․ «Ժողովրդի ձայնը կրկին լսվում և երևում է նրա ստեղծագործության մեջ: Նրա փայլուն բանաստեղծությունների մեջ հանդես է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր հույզերով և իմաստությամբ: Թումանյանը մի վեպ է, ազգային էպոպեա»։