Նարեկ Բաբայանը նշանակվեց Ավինյանի փոխարեն

Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության (որպես ընկերության ՀՀ–ին պատկանող հավատարմագրային կառավարիչ) կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, եւ 2022թ․-ի փետրվարի 17-ից ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը»,-տեղեկացնում է ԶՊՄԿ–ն։

Նարեկ Բաբայանն օրերս էր ազատվել Սյունիք մարզպետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվականները տեղեկություն տարածեցին, նշելով, որ Տիգրան Ավինյանը տեղափոխվելու է Երևանի քաղաքապետարան և զբաղեցնելու է փոխքաղաքապետի պաշտոնը: