Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար. ԲՏԱ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։

ԲՏԱ նախարարությունից  հայտնում են, որ նախարար Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Վերջինս նշել է, որ ՏՏ ոլորտում Բուլղարիան ունի բավականին զարգացած էկոհամակարգ, միևնույն ժամանակ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Այդ համատեքստում մասնագետների երկկողմ փոխանակումը փոխշահավետ կարող է լինել կողմերի  համար:

Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության շահագործման, տիեզերական գործունեության ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:

Զրուցակիցները կարևորել են նաև 2022 թվականին նախատեսված Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստան-Բուլղարիա համատեղ նամականիշի թողարկումը: Անդրադարձել են նաև Երևանի ինժեներական քաղաքի և Բուլղարիայի գիտահետազոտական ընկերությունների միջև հնարավոր համագործակցությանը, համատեղ բիզնես և տեխնոլոգիական միջոցառումների իրականացման հնարավորություններին, կրթական-ստեղծագործական կենտրոնների և ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հաջողված փորձի փոխանակմանը, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և հույս հայտնել դրա կայունության և շարունակականության վերաբերյալ: