Բացահայտվել է առանց լիցենզիայի սոցցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք. ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ  տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն  տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ  ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները  հեռախոսազանգի միջոցով  ձեռք  են բերել  պայմանավորվածություն՝  հանդիպելու և  ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության  աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել  է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված  հիվանդները:   Իրացվող դեղանման այս ապրանքներից  «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ  տուփի   շուկայական արժեքը հասնում է 415.000  դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային»  դեղատեսակների մեկ սրվակի արժեքը  200-215 հզ դրամ է:

Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ  անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա:

Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է  դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև  հետաքննչական միջոցառումներ   դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց: