Ամբողջությամբ կիսում եմ այն բնորոշումը, որը տրվել է հայրենիքի մի մասը հանձնած մարդուն․ Բագրատ Եսայան

«Դատարանից բավական լավ ակնկալիքներ ունեմ, որովհետև այն աստիճան խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրական դատավաճիռ կայացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «10-ի գործով» անցնող ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ սովորություն չունի հասարակության մեջ հայհոյանքեր հնչեցնել, սակայն դա չի նշանակում, որ համաձայն չէ բնորոշման հետ։

«Ամբողջությամբ կիսում եմ այդ բնորոշումը. այն անձնավորության արարքների ուղղակի բնութագրումն է, ով հանձնել է հայրենիքի մի մասը։ Ամբողջությամբ կիսում եմ այդ բնորոշումը, որը հնչեցվել է դատախազության շենքի առաջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այն տեսաձայնագրության մեջ, որը որպես ապացույց է ներկայացված դատարանին նախաքննության մարմնի կողմից, այդ վանկարկումը չկա։ Բացի այդ, նրա խոսքով, տեսաձայնագրություններում արձանագրված են, որ այս մարդիկ եղել են դեպքի վայրում, բայց  որևէ ձևով այդ արարքը հիմնավորող տեսաձայնագրություն չկա, այդ արարքի վկայության որևէ օբյեկտիվ ապացույց չկա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր հետաձգեց «10-ի գործով»՝ Արսեն Վարդանյանի, Էմանուել Սինանիի, Նարեկ Վերդյանի, Արշակ Սարգսյանի, Սարգիս Կարապետյանի, Տարոն Մանուկյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը,  որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):