Երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում և Վրաստանում

Ադրբեջանում 3-3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղազախում, Թովուզում, Աղստաֆայում, Շամկիրում, Դաշքեսանում, Գյանջայում և այլ շրջաններում։

Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Վրաստանում, մասնավորապես՝ Թբիլիսիում։

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ (ML):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։ Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: