Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան․ Արթուր Մոսիյան

«Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան։ Մի կողմ թողնել մեկը մյուսին մեղադրելու, անձնական ամբիցիաներին հագուրդ տալու, հաշվարկներով առաջնորդվելու արատավոր երևույթները և կանգնել ընդհանուր շարք»,- Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանն ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։

Նա նշեց, որ պետք է ձևավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձևավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի՝ Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը կանխելու համար։
«Սա կլինի լավագույն խոնարհումը մեր  զոհված հերոսների հիշատակի առաջ։ Մեր ազգի հազարավոր նվիրյալներ իրենց կյանքի գնով ամուր հող են նախապատրաստել այդ ամենի համար»,- ասաց Ա. Մոսիյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր շարք կանգնելով համազգային միասնությամբ  պետք է կասեցնել պետականության վախճանը, շարունակվող կորուստները, և հող նախապատրասել նոր արշալույսների համար։