Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել:  Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Aravot.am-ը տեղեկություն է տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: