Դատարանը քննում է դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 3-ին, քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկելու համաձայնություն տալ:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, և դատավոր Բախշիյանը նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն է փոխել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։