Բաքուն մերժել է սահմանազատման և սահմանագծման հարցով Երևանի առաջարկները․ Արարատ Միրզոյան

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա պարզաբանեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Միրզոյանը հավելեց, որ սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- վստահեցրեց նախարարը։

Միրզոյանը հիշեցնելով 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի Սոչի հանդիպման պայմանավորվածությունները, թե կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ասաց․«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին էր փոխանցել սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ առաջարկները։