Ֆրանսիան չի տեսնում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մտադրություն

Ֆրանսիան չի դիտարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

«Իրավիճակը շատ լուրջ է. տասնյակ հազարավոր ռուս զինվորներ գտնվում են ուկրաինական սահմանի մոտ, Ուկրաինայի սահմանների մոտ սպասվում են զորավարժություններ ռուսական և բելառուսական զորքերի մասնակցությամբ: Ներխուժման համար բոլոր պայմանները կան»,- ասել է արտգործնախարարը։  «Բայց մինչ օրս մենք տեղեկություն չունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գործի անցնելու ցանկության մասին»,- ավելացնում է Լը Դրիանը։

Նախարարը նշել է, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում լարվածության թուլացման աշխատանքները։ Նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նորմանդական ձևաչափի երկրների քաղաքական խորհրդականների վերջին հանդիպման ժամանակ (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) «համեստ առաջընթաց է գրանցվել», բայց հաջողության ներուժ կա։ «Մենք կարող ենք համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Պայմանները հայտնի են, միայն քաղաքական կամք է պետք՝ վատագույնից խուսափելու համար»,- հայտարարել է Լը Դրիանը։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։