Թշնամի երկրում արդեն շահարկում են Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշների՝ մշտական ցուցադրության վայր չունենալու փաստը․ Վարդան Ասծատրյան

Ադրբեջանում արդեն շահարկում են Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշների՝ մշտական ցուցադրության վայր չունենալու փաստը։ Ասուլիսում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանն ասաց, որ թշնամի երկրում արդեն հոդվածներ են գրում, որ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում, թողեիք մնար այնտեղ։

«Մենք բոլորս ենք մեղավոր, որ իրենք իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություններ անել և հոդվածներ գրել»,- նշեց նա։

Շուշիում գորգերի թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին։ Թանգարանն իր բնականոն կյանքով զարգանում էր մինչև 2020 թվականի պատերազմը։

Ասծատրյանը նշեց, որ պատերազմի ժամանակ իրեն հաջողվել է փրկել գորգերի 70 տոկոսը (ամենահինը թվագրվում է 17-րդ դարով) և իրերը, որոնք պահվում էին թանգարանում, սակայն այժմ դրանք պահելու տեղ չկա։ 30 տոկոսը մնացել է Շուշիում, այդ թվում՝ 120 գորգ, 90 կավե իր՝ թվագրված մ.թ.ա. ժամանակաշրջանով, քարի և բրոնզի դարաշրջանի իրեր։

«Մեզ հաջողվեց փրկել կարևոր նմուշները և դրանք տեղափոխել նախ Հայաստանի պատմության թանգարան, այնուհետև՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ։ Բայց դեկտեմբերի վերջին նրանք էլ հայտարարեցին, որ ցուցահանդեսը փակվում է։ Ես հույս ունեի, որ այս ընթացքում պետական ​​կառույցները լուծում կգտնեն, բայց ամեն ինչ միայն խոսակցությունների մակարդակում էր»,- ասաց Վարդան Ասծատրյանը՝ հավելելով, որ այժմ նմուշները հավաքել և պահեստավորել են։

Նա հայտնեց, որ 2-3 օր առաջ իրեն հրավիրել էին Հայաստանի ԿԳՄՍ նախարարություն, համոզել, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, հարցին լուծում են փնտրում։

Վարդան Ասծատրյանն ասաց, որ Արցախի մշակույթի նախարարի, պետնախարարի հետ էլ է հանդիպում ունեցել և համաձայնել է գորգերը տեղափոխել Արցախ միայն այն դեպքում, եթե թանգարանը դառնա պետական։

«Քանի որ Արցախի կարգավիճակն անկայուն է, չեմ կարող մասնավորի կարգավիճակով այդ ամենը տանել Արցախ։ Այդ ցուցանմուշների համար մեր հարևանները մեծ քայլեր են ձեռնարկում, ՅՈՒՆԵՍԿՕ են դիմել իբրև իրենց գորգերն ենք տարել։ Ասել եմ՝ նման անկայուն պայմաններում այս  կարգավիճակով չեմ կարող բերել Արցախ, ասել եմ՝ ձև գտնեք, դառնա պետական, այդ ժամանակ էլ կբերեմ»,- նշեց նա։