«Կարտոֆիլ կերեք» դասական արտահայտությունը շարունակում է այսօր էլ արդիական մնալ

Երեկ Եռաբլուր պանթեոնում  լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը՝ ասել է, թե անապահով խավի համար այն չի փոխվի: Մինչդեռ չնայած սահմանին գազի գինը չի փոփոխվելու նաև 2022 թվականի համար, քիչ թե շատ ապահով և ապահով խավը թերևս ստիպված կլինի օգտագործած գազի համար ավելի մեծ գին վճարել: Դա դեռևս քննարկման փուլում է, ասել է փոխնախարարը՝ պատճառաբանելով, թե 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին: Ըստ այդ բանաձևի՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով, ինչն էլ կարող է սակագնի վերանայման պատճառ դառնալ: Դատելով այս իշխանությունների գործելաոճից, երբ հանրության համար տհաճ որոշումների մասին նախ թեթև ակնարկում են, նախապատրաստում դրանց, հետո, երբ կրքերը սպառված ու հանդարտված են լինում, անցնում են բուն գործողությանը, ապա գազի գնի թանկացումից այս տարի մեր ժողովուրդը չի խուսափի: Եվ քանի որ Մհեր Գրիգորյանը նաև ակնարկել է բիզնեսի համար սակագնի վերանայման հնարավորության մասին, ապա այս տարի ապրանքների շուկայում գնաճն ավելի կատաղի է լինելու՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի ազդեցությամբ: Բանն այն է, որ արտադրանքի գնագոյացման մեջ էներգակիրները զգալի կշիռ ունեն, և էլէներգիայի, գազի, հետևաբար նաև բեռնափոխադրման համար վառելիքի թանկացումը միանշանակ հանգեցնելու է նաև առաջին անհրաժեշտության սպառման մթերքների գնաճին: Ընդ որում, ոչ միայն տեղական արտադրանքն է թանկանալու, այլև ներմուծվողը, որն արդեն համաշխարհային շուկայում առկա գնաճի, տարադրամի փոխարժեքի պատճառով ավելի թանկ գնով է ներմուծվում հայաստանյան շուկա: Մանիպուլացնելով հանրային գիտակցությունը Մհեր Գրիգորյանն փորձեց հուսադրել, թե այնքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար, փոխվարչապետը շրջանցել է այն հանգամանքը, որ հայաստանյան շուկա ներմուծումներն իրականացվում են հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ էներգակիրների գինը կամ պետական սուբսիդավորման է ենթակա, կամ էլ վառելիքի գինը որքան էլ բարձրանա, չի հատի մեր շուկայում առկա սակագինը:

Դե ինչ, արձանագրենք, որ արդեն մեր սպառողների համար բարձրացել է ջրի, էլեկտրաէներգիայի սակագինը, առջևում գազի գնի թանկացումն է և սպասվող տհաճ գնաճը, որը իշխանական գիտական «կոհորտայում» չեն կարողանում մեղմել կամ փոխհատուցել, այդքան գիտելիք ու խորագիտություն չունեն: Եվ որպես կողմնակի հետևանք՝ հասարակությունը տարեցտարի ավելի ու ավելի վատ է սկսում ապրել, ինչի մասին վկայում են վիճակագրական թվերը՝ տնտեսության անկում, աղքատության ցուցանիշի սրընթաց բարձրացում, աշխատող աղքատների թվի ավելացում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը փաստում է 2020 թ․ երկրում զգալի աճել է աղքատության մակարդակը՝ թեև նշվում էր, որ գրանցված աշխատողների թվի «աննախադեպ» աճ է եղել երկրում վերջին երեք տարիներին: Աղքատության միջին մակարդակը 2020 թ. դարձել է արդեն 27 տոկոս, իսկ չափավոր աղքատության մակարդակը մոտեցել է 50 տոկոսի: Հաշվի առնելով 2021 թվականի գնաճը, աշխատավարձերի, թոշակների կայունությունը, ապա 2021 թվականին այդ ցուցանիշների վիճակագրությունն ավելի տխուր է լինելու: Սա այն դեպքում, երբ այսօրվա ապաշնորհ իշխանությունների գալու ժամանակ երկրում աղքատության ցուցանիշը նվազում էր՝ ձգտելով 21 տոկոսի: Տնտեսագետի խոսքով՝ քպ-ականների ապաշնորհության հետևանքով՝ ամեն երկրորդ քաղաքացին մեզանում չափավոր աղքատ է, ավելի քիչ եկամուտներ ունի, քան նվազագույն սպառողական զամբյուղն է, որի ծավալը ևս վերջին երկու տարում աննխադեպ աճել է աղքատության հասցնելով ավելի ու ավելի շատ քաղաքացիների:

Ի դեպ, 2021թ. միջին աշխատավարձի բարձրացման մասին Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հնարավորինս գովերգում էր իր իշխանությանը՝ թե մարդկանց աշխատավարձեր են բարձրացրել, բարելավել նրանց կենսակերպը: Մինչդեռ ինչպես նշում է տնտեսագետը՝ առկա գնաճի ֆոնին աշխատավարձերի բարձրացումը այն չափով ու ծավալով, որով իրականացվել է, ամենևին գովելու չէ: Եթե համեմատենք, թե ինչ չափով է աճել միջին աշխատավարձը և ինչ չափով են աճել ապրանքների, մթերքների, հատկապես առաջին սպառման սննդամթերքի գները, որոնք ունեն սոցիալական շատ ավելի մեծ ազդեցություն, ապա կարձանագրենք, որ 2021թվականին, օրինակ, միջին գնաճը եղել 7.2 տոկոս, դրանից ավելի ցածր աճել է միջին աշխատավարձը: Այսինքն՝ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին ավելի վատ է ապրել 2021թ., քան 2020-ին, նույնը լինելու է այս տարի և դեռ ավելի վատ, քանի որ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, իսկ էներգակիրների և ջրի սակագները լրացուցիչ բեռ են ավելացրել քաղաքացիների բյուջեի վրա: Տնտեսագետը նշեց՝ ծախսերի մեծ մասն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնց միջին գնաճը շուրջ երեք անգամ ավելի է միջին աշխատավարձից, նաև՝ չեն բարձրացել թոշակներն ու նպաստները, չի աճել նվազագույն աշխատավարձը:

Թադևոս Ավետիսյանը առասպել համարեց վարչապետի այն պնդումը, թե իր իշխանությունն արդյունավետ պայքարել է մենաշնորհացման դեմ: Իրականում մեր երկրում շարունակում է բարձր մենաշնորհացված մնալ ներմուծման ոլորտը, որտեղ խոշոր խաղացողները մեր oրերի իշխանությունների համակիրներն են ու թիմակիցները:

Այնպես որ, «կարտոֆիլ կերեք» դասական արտահայտությունը շարունակում է այսօր էլ արդիական մնալ:

Թագուհի Ասլանյան