Հայ-թուրքական բարեկամություն՝ հայկական պատմամշակութային հուշարձանների ավերակների վրա

Հայ-թուրքական բարեկամության քարոզչության խորապատկերին Թուրքիայի իրական ձգտումների և եղբայրության համատեքստում արված հայտարարությունների միջև հակասություններն ավելի ակնհայտ են դառնում: Բարիդրացիական հարաբերությունների, եղբայրության, վերջապես հարաբերությունների մեջ խրված սեպերը վերացնելու մասին խոսակցությունները, ինչ խոսք, պետք է նախևառաջ ամրագրվեն այդ նպատակին ծառայող գործողություններով, մինչդեռ մենք հակառակի ականատեսն ենք. որքան մեր «բարիդրացիական» տրամադրություններով բոլորիս գլխի տակ փափուկ բարձ դնող հարևանները ավելի ու ավելի բարձր են խոսում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու տրամադրվածութան ու ծրագրերի մասին, այնքան այդ երկրում ավելի սաստիկ են շարունակվում հայկական ժառանգության նկատմամբ ոտնձգությունները, ինչն արձանագրել են նաև միջազգային կառույցները: Ստոկհոլմի ազատության կենտրոնը (SCF) նոր զեկույց է հրապարակել, որում նկարագրել է Թուրքիայում 2021 թվականի ընթացքում ազգային փոքրամասնությունների իրավունքների դեմ արված իրավախախտումներն ու հանցագործությունները, այդ թվում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման մի շարք դեպքեր, որոնք ամենևին Թուրքիային բարեկամի ու օրինակելի հարևանի լույսի ներքո չեն ներկայացնում: Ըստ զեկույցի՝ 2021 թվականի հունվարի 2-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պահպանության տակ գտնվող պատմամշակութային արժեքների ցուցակում գրանցված 1603 թվականին վերակառուցված Սուրբ Թորոս հայկական եկեղեցին, որը գտնվում էր արևմտյան Քութահյա նահանգում, ամբողջությամբ հողին է հավասարեցվել այն բանից հետո, երբ այն ձեռք է բերել մասնավոր կողմը։ Այս մասին դեռ նախորդ տարի ահազանգեցին Թուրքիայում հայկական լրատվամիջոցները, մասնավորապես «Ակօս» թուրք-հայկական երկլեզու շաբաթաթերթը։ Հին եկեղեցին հայ համայնքի համար կարևոր ժառանգություն էր, այդ եկեղեցում է ժամանակին մկրտվել Կոմիտաս Վարդապետը։ Եկեղեցին մասնավոր սեփականություն էր և նախկինում օգտագործվել է որպես թատրոն և խնջույքների վայր: Հայ համայնքը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել վերականգնել եկեղեցին և վերադարձնել համայնքին՝ իր սկզբնական նպատակին ծառայեցնելու համար։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով նշել է, որ իր կառավարությունը չի միջամտի «որևէ մեկի հավատքին, ծեսերին կամ սրբազան արտեֆակտներին»։ Նա նշել է, որ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նույնպես մի շարք առիթներով շեշտել է՝ եկեղեցիները նույնքան կարևոր են Թուրքիայում, որքան մզկիթները։ Սակայն հայկական եկեղեցու ոչնչացման համար որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ 2021 թվականի հունվարին ևս մեկ վանդալիստական, անհանդուրժողական վերաբերմունքի փաստ էր արձանագրվել: Հունվարի 17-ին «Ակօս»-ը հայտնել էր, որ թուրքական անշարժ գույքի կայքում վաճառքի է հանվել Բուրսա նահանգում կառուցված 19-րդ դարի հայկական եկեղեցի։ Գովազդում եկեղեցին նկարագրվել է որպես «զբոսաշրջային գրավիչ վայր, քանի որ այն գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող տարածքում»: Թերթը նաև գրել էր, որ վաճառողը եկեղեցին լավ ներդրում է համարում, քանի որ այն կարող է «օգտագործվել որպես հյուրանոց, թանգարան կամ արվեստի պատկերասրահ»:

Նախորդ տարի Անկարայի Ուլուս թաղամասում իրականացվող խանութների կառուցապատման ժամանակ, որը թույլատրել էին տեղական ինքնակառավարման մարմինները, և Թուրքիայի կառավարությունը, ավերել է հին հայկական գերեզմանատունը։ Մարդկային մնացորդները, որոնք հայտնաբերվել են այդ վայրում, ուղարկվել էին մասնագիտական ուսումնասիրության: Բայց մինչ այդ Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահ Թեզջան Քարաքուշ Ջանդանը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում արդեն տեղեկացրել էր, որ այդ վայրը պատմական աղբյուրներում ճանաչված է որպես հայկական գերեզմանոց։ «Շարունակել շինարարությունը մի վայրում՝ իմանալով, որ այդտեղ մարդկանց աճյուններ են ամփոփված, անհարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութային ժառանգության նկատմամբ: Գերեզմանների վրա բետոն լցնելը և դրանց վրա խանութներ կառուցելը դաժանություն է»,- ասել էր Քանդանը:

21-ի օգոստոս ամսին ևս մեկ հայկական գերեզմանատուն էր անարգվել թուրքական իշխանությունների լուռ համաձայնությամբ: Թուրքիայի արևելյան Վան նահանգում գտնվող հին հայկական գերեզմանատունը հարթեցվել էր բուլդոզերներով, իսկ գերեզմանոցներում անթեղված մահացածների ոսկորները ցրվել էին դաշտով մեկ՝ առաջացնելով հայ համայնքի և ընդդիմադիր քաղաքական գործիչների վրդովմունքը։ Գերեզմանատան տեղում, ըստ նախագծի, նոր բազմաբնակարան համալիրներ են կառուցվելու։

Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունից (HDP) Մուրադ Սարըսաչը միջադեպի վերաբերյալ խորհրդարանական հարց է ներկայացրել՝ մանրամասն հետաքննություն պահանջելով։ «Մենք տեսել ենք, որ գերեզմանաքարերը ոչնչացվել են, ոսկորները ցրվել են ամբողջ տարածքով մեկ»,- հայտարարել էր նա խորհրդարանում ունեցած ելույթում։ Նա նաև հիշեցրել էր, որ նախկինում ևս շատ են եղել դեպքեր, երբ պղծվել են եկեղեցիներն ու գերեզմանատները, քանի որ անվտանգության բավարար միջոցներ չեն ձեռնարկվել: Թեև հետևելով Թուրքիայում, ինչպես նաև պատմական Հայաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ այդ երկրի իշխանությունների վերաբերմունքին ու վանդալիզմի դեպքերին նրանց կրավորական արձագանքներին, կարելի է վստահ ասել, որ թուրքական իշխանությունների ուղղորդված քաղաքականությամբ էլ այդ ժառանգությունը վերացվում է՝ հայկական ցանկացած հետք ոչնչացնելու, ջնջելու մոլուցքով:

Վանի ավերված գերեզմանոցները շատ կարևոր են հայկական սփյուռքի համար։ 1915 թվականին իրականացված վայրագությունների և բռնի տեղահանությունների զոհ դարձած հայերի շատ ժառանգներ այս գերեզմանատներում փնտրում են իրենց ընտանիքների աճյունները, այդ գերեզմանոցներում նրանք ոգեկոչում են իրենց կորցրածների հիշատակը։ Այդ գերեզմանները նաև թուրքական իշխանությունների կողմից 20-րդ դարասկզբին իրականացրած ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության հավերժ վկաներն են, ինչն այնքան ժրաջանորեն փորձում են հերքել ոճրագործ մարդասպանների իրավահաջորդները:

Ժառանգություններն անարգվում են ոչ միայն ավերվելով, այլև դրանց նախնական գործառույթը փոխելով և կրոնական-քրիստոնեական կառույցները վերածելով զվարճանքի կենտրոնների, գրադարանների, պահեստների: Դիարբեքիր նահանգում գտնվող հայկական բողոքական եկեղեցին 10 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ որպես հանրային գրադարան. Սա ևս արձանագրվել է Ստոկհոլմի ազատության կենտրոնի զեկույցում: Որոշումն առաջացրել է Թուրքիայի հայ համայնքի բողոքը։ Թուրքիայի հայ բողոքական համայնքի առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն Twitter-ում լրագրող Արիս Նալջըի տարածած տեսաուղերձում ասել էր, որ որոշումը մեծ ցավ է պատճառել իրենց և իրենք խիստ դատապարտում են այն։ Աղաբալօղլուի խոսքով՝ հայկական համայնքը եկեղեցին կառավարությանը հանձնել էր դեռևս 1983 թվականին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց այն չվերադարձվեց հայ համայնքին, չնայած խնդրանքներին։ Մինչ վերջին որոշումը, եկեղեցին օգտագործվում էր գավառի նահանգապետարանի կողմից գորգագործության դասընթացների համար:

Թուրքիայի կենտրոնական Աքշեհիր թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին ևս արժեզրկվել է այլ նշանակությամբ, այն ծառայելու է որպես հումորի միջազգային վարպետների տուն՝ 13-րդ դարի հայտնի երգիծաբան Հոջա Նասրեդինի հայրենի քաղաքում «հումորի գյուղ» հիմնելու ծրագրի շրջանակներում։ Եկեղեցին կառուցվել է 1859 թվականին նեոդասական ոճով և 1975 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից գրանցվել է որպես մշակութային ժառանգության վայր։ «Հումորի գյուղ» նախագիծն իրականացվում է Քոնիայի տարածաշրջանային զարգացման վարչության կողմից և ներառում է 204 պատմական շենք։ Հայտնի չէ, թե եկեղեցին երբ կբացվի իր նոր կարգավիճակով։ Ֆերդա Բալանքարի զեկույցի համաձայն՝ մինչև 1915 թվականը Քոնիայի Աքշեհիր թաղամասում մոտ 5000 հայ էր ապրում։ ԱՄՆ-ում տեղակայված International Christian Concern (ICC) իրավապաշտպանական խումբը քննադատել է այդ քայլը՝ ասելով, որ Թուրքիան որևէ փորձ չի ձեռնարկել լքված եկեղեցիները վերադարձնելու քրիստոնեական համայնքին: Փոխարենը Թուրքիան կամ այդ եկեղեցիները վերածում է մզկիթի, կամ վերականգնում է դրանց շենքերը՝ դրանք վերածելով զբոսաշրջային ​​վայրերի և այդպիսով արձանագրում, թե հոգ է տանում կրոնական ազատության մասին ու թոզ է փչում միջազգային կառույցների աչքերին:

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգների կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը (USCIRF) իր տարեկան զեկույցում առաջարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտին Թուրքիային ներառել իր հատուկ դիտացանկում՝ թուրքական կառավարության կողմից կրոնական ազատության կոպիտ խախտումների և անհանդուրժողականության համար:

Թագուհի Ասլանյան