Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը․ Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը: Նրա բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններին:

Ընդդիմադիր պատգամավորը մատնանշեց, որ ինչ ներկայացնում է Փաշինյանը, կամ աղճատված են, կամ որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը.

«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղթին և ասում է, թե դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, բոլորը տեղյակ են, որ մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացը մարսելու և հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը: