Թշնամին հաճախ ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները․ Թագուհի Թովմասյան

«Հետպատերազմական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության  առաջնահերթությունները  շատ են փոխվել»,- ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Թ. Թովմասյանը ասաց, որ երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի առաջնագծում տեղակայված բնակավայրերից, մարդիկ ունեն կենսական իրավունքների  պաշտպանության խնդիր, ապրելու, կյանքի իրավունքի, ունեցվածքը պահելու խնդիր։

«Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն են հափշատկել։ Մարդիկ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, էլ չեմ խոսում, որ փոխհատուցում չի տրվել, ապրուստի միակ միջոցի վերադարձի մասով որևէ տեղաշարժ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ թշնամին շարունակում է  մարդկանց կյանքի, իրավունքի դեմ սպառնալիքներ կիրառել. «Ինձ ահազանգեցին, որ շատ հաճախ ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացիների տները զուտ  հոգեբանական ճնշում գործադրելու համար։

Սա  խնդիր է, որ մենք պետք է բոլորով հասկանանք՝ ինչ կարող ենք անել և ինչ ենք անում, քանի որ քաղաքացին միայնակ է մնացել սահմանամերձ բնակավայրում։ Քաղաքացին պետք է զգա, որ այսօր մենք այստեղ խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, ինքը պաշտպանված է։

Այստեղ անընդհատ խոսել, որ ամեն ինչ արվում է կամ ամեն ինչ շատ լավ է, եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ` ամեն ինչ այդքան լավ չէ, որովհետև մենք Հայաստանի առաջնագծում արժանապատիվ կյանքի խնդիր ունենք»,- ասաց պատգամավորը։

«Ահազանգեր եմ ստանում, որ վերջին շրջանում կապի խափանում է արձանագրվում, թերևս հատուկ տեխնիկա է տեղադրվում,  հատուկ խլացուցիչներով անջատվում է  հեռախոսակապը, ինտերնետ հասանելիությունը։ Խնդիր, որին պետք է հրատապ ուշադրություն դարձվի։

Նորաբակ համայնքում ջրի ակունքներն այս պահին Ադրբեջանի հսկողության տակ են, մարդիկ ջուր են կրում այլ բնակավայրերից։ Իսկ մենք այստեղ խոսում ենք մարդու իրավունքներից»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

Նա խոսեց նաև հանրային գործիչների թիրախավորման, լրատվամիջոցերի նկատմամբ այսօրվա վերաբերմունքի մասին։

«Շատ տխուր է արձանագրել, որ լրագրողի իշխանությունը խնդիրներ է ստեղծում լրագրողի համար կամ լրագրողի իշխանությունը թիրախավորում է լրագրողներին։

Ամենացանկալի  բնութագրումը չէր, որ կարելի էր արձանագրել»,- ասաց նա։

«Անընդհատ տեղափոխելով բոլոր խոսակցությունները նախկին դաշտ, նախկին ու ներկա տիրութ՝ 21-րդ դարում հետ ենք մնում, աշխարհը քայլ առաջ է անում, իսկ մենք անընդհատ նախկին, նախկին։

Բոլոր հարցերը, խնդրահարույց կետերը, եթե մեր երկրում խլացվում են նախկին ու ներկա դիսկուրսի մեջ, որևէ տեղ չենք կարող հասնել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։