Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը

ՀՀ նախկին վարչապետ (1996 դեկտեմբեր – 1997 փետրվար) և եվրոպական երկրներում, Բրիտանիայում ու Իսրայելում բազմամյա դեսպան Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց 2018թ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը, հավանաբար, ու հանրապետական մեծամասնությունը դեռ չէին մտածում, որ շուտով հեռանալու են։ Գրում է  panorama.am

Հայտնի չէ, թե ինչպես էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել հենց Արմեն Սարգսյանի վրա։ 2021թ ապրիլին այդ առնչությամբ նա ասել էր թե «վստահ էր, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր»: 2018թ հունվարի 19-ին արդեն պաշտոնապես մի Սարգսյանը հանդիպեց   մյուսի հետ` իբրև հանրապետականի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Այս հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել էր մի բան, որը դավադրապաշտները կարող են լիուլի օգտագործել հիմա. «[Հաջորդ նախագահը] պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի»:

Արմեն Սարգսյանը «մտածելու ժամանակ» էր խնդր ել, ու անմիջապես մեկնել էր արտասահմանյան հանդիպումների` սփյուռքի կարևոր առաջնորդների հետ։ Թե ինչեր էին քննարկել այդ հանդիպումներում` պարզ չէ։ Արմեն Սարգսյանը նախագահության տարիներին ոչինչ չարեց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության կողմից Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների դերը նսեմացնելու, եկեղեցին քարկոծելու ոչ մի դեպքում։ Այդ ճամփորդությունից վերադառնալով` Արմեն Սարգսյանը նորից շտապել էր  Սերժ Սարգսյանի մոտ, խոստանալով դերակատարում ստանձնել «…և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում»:

Մի կողմ թողնելով սեփական խոսքի հանդեպ հարգանք չունեցող ու հաճախ դեռահասի տպավորություն ստեղծող կապիտուլյանտների իշխանության պարագլխին ու նրա ենթականերին, հասուն մարդիկ, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, չէր կարող այսպիսի խոսքեր ասել առանց հիմնովին վերլուծած լինելու նոր Սահմանադրությամբ իր ստանձնելիք պաշտոնի լիազորությունների շրջանակը։ Այդ շրջանում նա առհասարակ խուսափում էր այդ թեմայի վերաբերյալ բարձրաձայնել։ 2018թ փետրվարի 25-ին, ԱԺ-ում իր ընտրությունից մեկ շաբաթ առաջ, մի հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել էր,  թե «քանի օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը [իր ու վարչապետի լիազորությունների տարանջատման թեմայով]՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական»։ Բայց խոստացել էր ընտրվելուց հետո «ավելի լուրջ [այս] հարցի մասին մտածել»։ Իսկ արդեն Ազգային ժողովում քվեարկությունից հետո, մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հետ հերթական պաշտոնական հանդիպմանը    արդեն ընտրված Արմեն Սարգսյանը գովեստի խոսքեր էր շռայլել` Սերժ Սարգսյանին անվանելով «ազգային հերոս», իսկ սահմանադրական բարեփոխումների մեջ տեսել էր «նոր բացվող դռներ ժողովրդավարության ամրապնդման համար»։

Թե ինչ դեր է ունեցել 2018թ իշխանափոխության ընթացքում Արմեն Սարգսյանը` դեռ պարզ չէ։ Բայց ինչ որ դրվագներով նա եղել է Նիկոլ Փաշինյանի հետ հաղորդակցության օղակը, ինչպես երևում է Հրապարակի հայտնի կադրերից, որտեղ սարսափահար Փաշինյանը և նրա կողակիցները նայում են Արմեն Սարգսյանի աչքերին։

Նոր ձևավորվող կառավարության ու հետհեղափոխական ընդհանուր անորոշության պայմաններում, օգտագործելով ինչ որ լծակներ, Արմեն Սարգսյանը 40 րոպեանոց հանդիպում է ստանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որտեղ հասցնում է մոռանալ ԱԳՆ կողմից առաջարկված զրույցի կետերից մի քանի առանցքային թեմա։ Առհասարակ, բացառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ հաճախ կրկնվող այցերի, Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները որևէ արդյունքի չեն բերում։ Ո՛չ Պոմպեոյի հետ հանդիպումը, ո՛չ ավելի ուշ Սաուդյան Արաբիա, ո՛չ Իսրայել այցելությունները, և ո՛չ էլ չորս տարի շարունակ ՀՀ անունից միջազգային ֆորումներին մասնակցությունը ոչ մի հետևանք չունենեցան` բացի պաշտոնական լուսանկարներից ու հիշողություններից։

Երբ Հայաստանում տեղի էր ունենում նախկին իշխանության հուսահատ փորձը` կանխելու ապագա աղետը 2018թ հոկտեմբերի 3-ի հայտնի նիստին, որից հետո Նիկոլ Փաշինյանի շրջափակեց Ազգային ժողովը, իսկ Արմեն Սարգսյանը հերթական միջազգային այցով Նյու Յորքում էր, որը կրկին ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ։ Պառլամենտական մեծամասնությունը փորձել էր կապվել նրա հետ` միջամտելու հորդորով, բայց նա այդպես էլ չէր արձագանքել։

Այս ողջ չորս տարիների ընթացքում շատ է խոսվում միջազգային շրջանակներում Արմեն Սարգսյանի համբավի ու հեղինակության մասին։ Այս համբավն ու հեղինակությունը այդպես էլ օգտակար չեղավ Հայաստանին պատերազմի 44 օրերի ընթացքում, ոչ էլ դրանից հետո։ ԱՄԷ-ից կամ այլ արաբական երկրներից շահավետ պայմաններով ներդրումներ ներգրավելու համար այդպիսի հեղինակությունը, եթե այն կար, բոլորովին էլ անհրաժեշտություն չէ։

Եզրափակելով Արմեն Սարգսյանի դիվանագիտական ժառանգության թեման, պետք է նշել, որ որ այդպիսի ժառանգություն առհասարակ չկա։

Ինչպես չկա նաև ներքաղաքական կյանքում։

Երբ Փաշինյանը շրջափակում էր դատարանները, երբ սահմանափակվում էր խոսքի ազատությունը, երբ Փաշինյանը «գրավում էր» Սահմանադրական դատարանը, երբ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ոտնահարվում էին` հանուն ՔՊ իշխանության պահպանման` Արմեն Սարգսյանը կրկին լուռ էր։ Թեև 2020թ փետրվարին մի հարցազրույցում խոսել էր «ժողովրդին դիմելու» մշակույթը արմատավորելու կարևորության մասին, թե՛ համավարակի ընթացքում, թե՛ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո, նա այդպես էլ խոսք չգտավ դա անելու համար։ Հրաժարականից 10 օր առաջ Աբու Դաբիում մի միջազգային ֆորումի ընթացքում նա խոսում էր ոչ թե միջազգային քաղաքականությունից կամ Հայաստանի մասին, այլ… անցյալի ու ապագայի «արդյունաբերական հեղափոխություններից»։

Արմեն Սարգսյանը իր նախագահության ողջ ընթացքում այդպես էլ չցուցաբերեց պետական այրին վայել խիզախություն և ոչ մի հարցում` լիներ դա Գլխավոր շտաբի պետի ազատման պատմությունը 2021թ փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո, թե նույնիսկ ընտրական օրենսգիրքը, որը Փաշինյանը հապճեպ փոխեց 2021թ ապրիլին` ընտրություններից առաջ։ Նա պարզապես տեղում չէր` քաղաքական իմաստով։

Նա ընտրվեց, բայց այդպես էլ չդարձավ Հայաստանի նախագահ։

Արմեն Սարգսյանի հետ երկար ժամանակ մեծ հույսեր էին կապում Սփյուռքի կառույցները։ Նույնիսկ չնայած ընդդիմության կողմից բարձրաձայնված աննախադեպ չարաշահումների մասին սկանդալին` այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստակամորեն մասնակցեցին ու այդ մասնակցությամբ լեգիտիմացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021թ նոյեմբերի 27-ի նիստը։ Եվ սա ընդամենը ամենավերջին օրինակն է առ այն, որ Սփյուռքը նույնպես արդեն առնվազն չորս տարի խարխափում է հայաստանյան իրականության մեջ ու կորցրել է իր կողմնորոշիչները։

Երևի իրոք լինում են մարդիկ, ովքեր առանց իրենց խոսքից կամ գործից, միշտ ապրում են խորհրդավորության շղարշի տակ։ Լավ կաթսայի պես` նրանց ոչ մի նստվածք չի կպնում։

Արմեն Սարգսյանը հեռանում է երկրի համար ճակատագրական մի պահի, բայց իր հրաժարականի տեքստով անգամ ուղիղ կամ անուղղակի կերպով չի ասում դրա պատճառների մասին։ Իսկ դրանք անշուշտ ի հայտ կգան հաջորդ շաբաթների ընթացքում։ Նրա քառամյա նախագահության շրջանը հուշում է, որ պատճառները զուտ անձնական են` անձնական շահի հաշվարկով` լինի դա Ղազախստանում փոփոխությունների հետևանքների ակնկալիքը, թե՛ Փաշինյանի հերթական դավաճանական փաստաթղթի ստորագրումը վավերացնելուց, կամ ավելի ճիշտ` իբրև պետական գործիչ` դա կանխելու պատասխանատվությունից փախուստը։

Ամեն դեպքում պատմությունը, իսկ այն հաստատ գրվելու է, նրան նույնպես չի ներելու։

Ա.Ա.