Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ՄԻՊ թեկնածու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում իշխանության այն ներկայացուցիչների մտքերը, որոնք կարծում են, որ Հայաստանում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին, այն պարագայում երբ  սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն կատարվել:

Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել: Միաժամանակ նա ընդգծեց, որ չպետք է ֆետիշացնել անվտանգային գոտին. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից:

«Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված, և երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, ուստի, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»…

Իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ, ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, կառուցելու եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես  ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», – ասաց նա:

Աննա Գրիգորյանը ՄԻՊ-ի թեկնածուից հետաքրքրվեց նաև՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ:

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում և արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», – ասաց Ք. Գրիգորյանը:

Աննա Գրիգորյանը հիշեցրեց ընտրված  համայնքապետների դեպքերը, ինչպիսի քաղաքական հետապնդումների են ենթարկվում:

«Միայն Գորիսի համայնքապետի գործը վերցրեք ու ուսումնասիրեք: Նա  սոցիալական աջակցություն էր բաժանել քաղաքացիներին, որն օրենքով սահմանված է և դրանից հետո այն դիտարկվել է որպես կաշառք ընդամենը մեկ մարդու  ցուցմունքի պատճառով: Հետո այդ նույն մարդն ասել է՝ հետ եմ վերցնում իմ ցուցմունքը: Այդպիսի բան գոյություն չի ունեցել, և  մինչև հիմա Առուշ Առուշանյանը գտնվում է  կալանքի տակ: Որևէ իրավական հիմք չկա, հետևաբար նա քաղաքական բանտարկյալ է և ոչ միայն նա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կրկին խնդրելով ՄԻՊ թեկնածուից հստակ դիրքորոշում հայտնել:

Ք. Գրիգորյանը նշեց ԵԽԽՎ բանաձևում հստակ կոմպոնենտներ կան, որոնց համապատասխանության հետ չափվում է և հիմնվում է  այդ հետևությունը՝ արդյոք նման անձինք քաղաքական բանտարկյալնե՞ր են համարվում, թե ոչ: