Բալթյան երկրները ԱՄՆ-ի թույլտվությամբ կկարողանան Ուկրաինային մատակարարել Javelin և Stinger համակարգեր

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ԱՄՆ-ից թույլտվություն են ստացել՝ Ուկրաինային փոխանցելու ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը (ПТРК) և Stinger զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության համակարգերը (ПЗРК), հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի պաշտոնյաներին։

Բացի դրանից, ըստ հրատարակչության զրուցակցի, Վաշինգտոնը նախատեսում է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության հինգ Մի-17 ուղղաթիռ, որոնք նախատեսված են աֆղան զինվորականների համար։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է Էստոնիա, Լատվիա և Լիտվա ամերիկյան զենքի արտահանման հաստատման մասին՝ այդ երկրների կողմից հետագայում տվյալ զենքերը Ուկրաինա փոխանցելու իրավունքով։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը սերտ կապի մեջ է ՆԱՏՕ-ի և Կիևի հետ այս հարցում, այդ թվում՝ Վաշինգտոնի դաշնակիցների կողմից ԱՄՆ-ի արտադրության զենքի Ուկրաինա փոխանցումը ապահովելու հարցում։

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ վերջին երեք օրվա ընթացքում ութերորդ թռիչքը դեպի Ուկրաինա իրականացրել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը Ուկրաինային հակատանկային զենք կմատակարարի։