Հնարավոր չէ ընտրողների 60 տոկոսի ձայնն անտեսել․ փարաքարցիները դուրս եկել բողոքի
Փարաքար համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք տեղեկացրին, որ համայնքի 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ստորագրահավաքին։ Պահանջում են, որ կառավարությունը պատասխանի հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած «Ապրելու երկիր» խմբակցության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին։
Ակցիային մասնակցում էր նաև Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որը քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ էր հավաքել։ Նրա խոսքով, խոշորացված համայնքի ընտրողների 60 տոկոսն այսօր իրենց կողքին է, նույնիսկ նրանք, որոնք դեկտեմբերի 5-ին ընտրել են «անօրինական ձևով համայնքապետ դարձածներին»։
«Նրանք ասում էին՝ ըսենց անօրինականություն չէինք սպասում։ Մենք պայքարելու ենք։ Հնարավոր չէ ընտրողների 60 տոկոսի ձայնն անտեսել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են արել, որին միացել է մոտ 6 հազար մարդ, պահանջում են նոր ընտրություններ։
Բողոքի ակցիայի մասնակիցները վկայակոչում են ՏԻՄ օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ և հիշեցնում էին, թե ինչպիսի խախտումներով է համայնքի ղեկավար ընտրվել։
Վոլոդյա Գրիգորյանը մանրամասնեց, որ քանի որ դատարան են դիմել ավագանու մանդատները վայր դնել չեն կարող, բացի այդ, համայնքի բնակիչները ակնկալում են, որ արդարությունը կվերականգնվի։