ԱԺ-ն ընդունեց Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցման շահառուների ընդլայնման մասին նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի՝ զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու են հանդիսանում նրա քույրը, եղբայրը, տատը կամ պապը:

Նախագծի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին.

«Դեռևս պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեր հերոսներից մեկը՝ Հովհաննես Ասատրյանը, քաջություն է արել և իր մայրիկին պետք է շնորհակալություն հայտնենք: Հետո պարզվեց, որ Հովհաննես Ասատրյանը երկկողմանի ծնողազուրկ է: Որոշ ժամանակ հետո հայտնաբերվեց նրա մոխրացած մարմինը: Երկար ժամանակ բանավոր և գրավոր ձևաչափով փորձում էինք նրա երկու եղբայրներին, որոնք միակ հարազատներն էին, դարձնել շահառու: Սակայն Կառավարությունից ստանում էինք պատասխան, որ եղբայրները ոտք ու ձեռք ունեն, թող աշխատեն: Ես շատ ուրախ եմ, որ Կառավարությունն իր դիրքորոշումը փոխել է, և Կառավարությունն այս նախագծով հնարավորություն է տալիս, որպեսզի շատ դեպքերում ծնողազուրկ զոհված զինծառայողների հարազատներն էլ կարողանան օգտվել հիմնադրամից»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: